ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Վանաձորի գեղատեսիլ թաղամասերից մեկում բազմել է մի կրթօջախ, որը հայտնի է իր բարձրակարգ մասնագետներով, անվանի և պատվարժան շրջանավարտներով և դասավանդման բարձր մակարդակով: Կրթության այդ դարբնոցը կոչվում է Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ:

1925թ.-ին Ղարաքիլիսայում /այժմ՝ Վանաձոր/բացվում է գյուղատնտեսական դպրոց: 5 տարի անց այն վերածվում է կոլտնտուսի: Իսկ ահա 1932 թվականից կոլտնտուսը վերափոխվում է  երկամյա, ապա եռամյա, իսկ արդեն 1935 թվականից՝ քառամյա գյուղատնտեսական տեխնիկումի:  Որոշ ժամանակ անց տեխնիկումին են միանում Օձունի և Իջևանի տեխնիկումները և  Կիրովականի /այժմ՝ Վանաձոր/ անտառ-դպրոցը:

Հիմնադրման օրվանից տեխնիկումն աչքի է ընկել իր բարձրակարգ մասնագետներով՝  ԳԱ թղթակից անդամ Խ. Խաչատրյան, Ա. Եթիմյան,  Հ. Դորունց և այլք: 1985-86 ուստարում տեխնիկումին շնորհվում է ճանաչված գիտնական, գյուղատնտեսական ԳԱ թղթակից անդամ Խորեն     Խաչատրյան անունը:

2001թ.  ՀՀ կառավարության որոշմամբ Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջը և Վանաձորի գյուղական շինարարական պետական քոլեջը /հիմնադրված՝ 1958թ./  միաձուլվում և վերակազմավորվում են՝ անվանվելով «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»:

Հավատարիմ մնալով գիտությանն ու կրթությանը ծառայելու նվիրական գործին՝ քոլեջը ցայսօր կատարում է  իր պարտականությունները՝ աչքի ընկնելով լավագույն մասնագետներով և իրենց մասնագիտությանը գիտակ շրջանավարտներով:

Իր գործունեության ընթացքում քոլեջը տվել է հազարավոր շրջանավարտներ (շուրջ 18500 շրջանավարտ), որոնք աշխատել ու հետագայում շարունակել են ուսումնառությունը՝ բարձր պահելով իրենց կրթօջախի պատիվն ու անունը: Նրանք աշխատել ու այսօր էլ շարունակում են իրենց գործը Հայասատանի բոլոր մարզերում, ինչպես նաև հանրապետության սահմաններց դուրս: Նրանք գյուղատնտեսներ, շինարարներ, անանասբույծներ, մեղվաբույծներ, տնտեսագետներ, գործարարներ ու մանկավարժներ են:

Հպարտությամբ պետք է նշենք, որ այս ուսումնական հաստատության շրջանավարտներից են տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գյուղատնտեսական ԳԱ թղթակից անդամ Հայկ Ղուշչյանը, դոկտոր-պրոֆեսոր Կորյուն Գրիգորյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, սամբո ըմբշամարտի աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը և այլ պատվարժան քաղաքացիներ: Քոլեջի կրթադաստիարակչական աշխատանքները ևս իրենց արգասիքն են թողել:  Արցախյան պատերազմում իրենց քաջությամբ և մեծ հայրենասիրությամբ աչքի են ընկել շրջանավարտներ Արծվիկ Կարապետյանը, Միշա Մախսուտյանը, Սուրեն Մարկոսյանը, Արսեն Ավետիսյանը և շատ այլ քաջորդիներ:

Քոլեջն իրականացնում է առկա և հեռակա ուսուցում  միջին մասնագիտական կրթական ծրագրով և նախնական մասնագիտական /արհետագործական/ կրթական ծրագրով: Քոլեջում իրականացվում են նաև լրացուցիչ կրթական  ծրագրեր:

Քոլեջի առօրյան հարուստ է և բովանդակալից:  Քոլեջի դռները միշտ բաց են թե՛ նախկին սաների, թե՛ իրենց ապագա կրթությունը մեզ վստահող մատաղ սերնդի առջև: Արարչական նվիրումով, մեծ պատրաստակամությամբ և մանկավարժական վարպետությամբ օժտված մանկավարժներն են սպասում ձեզ …